ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է Ռիչարդ Նիքսոնի հիմնադրամի «Խաղաղության ճարտարապետ» մրցանակի դափնեկիր, տեղեկացրել է հիմնադրամի մամուլի ծառայությունն X-ում։
Նիքսոնի կերպարով պատրաստված քանդակ-մրցանակը Թրամփին հանձվել է հոկտեմբերի 21-ին՝ Սպիտակ տան Օվալաձև դահլիճում։
«Նախագահ Թրամփի՝ «Ամենից առաջ Ամերիկան» արտաքին քաղաքականությունը հիմնված է ակտիվ անձնական դիվանագիտության վրա՝ ուժի միջոցով խաղաղության փիլիսոփայություն զուգակցությամբ։ Պարզապես անհավանական են արդյունքները հրադադարների և հաշտության համաձայնագրերի քանակի տեսակետից, որոնց նա հասել է ամբողջ աշխարհում»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Հիմնադրամն ընդգծել է Թրամփի մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Աբրահամյան համաձայնագրերի» միջնորդությունը, Սերբիայի և Կոսովոյի տնտեսական հարաբերությունների կարգավորումը, Պարսից ծոցի տարածաշրջանային հակասությունների մեղմացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանումը։
«Խաղաղության ճարտարապետ» մրցանակը հիմնադրվել է 1995 թվականին՝ ԱՄՆ 37-րդ նախագահ Նիքսոնի մահից հետո։ Այն տարբեր տարիներին ստացել են ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ ավագը, Ջորջ Բուշ կրտսերը, ազգային անվտանգության նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը և այլք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







