«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է շարժման նախաձեռնությունների և ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ քննադատությունների առանցքային թեզերին։
Վանաձորում նավթավերամշակման գործարան կառուցելու առաջարկ
Կարապետյանը նշել է, որ գործարանի կառուցման առաջարկի քննադատները հիմնականում խոսել են նախագծի ոչ շահութաբեր լինելու, դրա իրականացման համար համապատասխան փորձի բացակայության մասին: Շարժման համակարգողը հիշեցրել է, որ Հայաստանի շուկայում բենզինն ու դիզվառելիքն արժեն մոտ 500 դրամ այն դեպքում, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում կազմում է մոտ 150 դրամ:
«Ինձ բացատրեք, թե ինչպե՞ս կարող է նավթավերամշակման կոմբինատն ամենաէժան հումք ունեցող տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքի կողքին գտնվող երկրում, ոչ շահութաբեր կոմբինատ լինել, եթե ունենք ամենաթանկ բենզինն ու դիզելը տարածաշրջանում»,- նշել է Կարապետյանը:
Նա նաև ընդգծել է, որ շարժումը կարող է տրամադրել նախագծի վերաբերյալ տնտեսագետների պատրաստած հաշվարկը:
Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության զարգացման նախաձեռնություն
Պատասխանելով Սևանում ձմեռային զբոսաշրջային գոտի ստեղծելու առաջարկի վերաբերյալ քննադատություններին՝ Կարապետյանն ընդգծել է, որ զբոսաշրջային զարգացման հարցում սեզոնայնության երկարացնելուն այլընտրանք չկա։
«Կոնցեպցիան բարդ կլինի՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները։ Բայց Սևանա լճի սահմանակից շրջաններում, վստահ եմ, կան զոնաներ, որտեղ կարող ենք զուգակցել և՛ ձմեռային, և՛ ամառային տուրիզմը»,- նշել է Կարապետյանը։
Մեղրիում ջերմաէլեկտրակայանի կառուցման առաջարկ
Կարապետյանը նշել է, որ Մեղրիում ջերմաէլեկտրակայան կառուցելու առաջարկի նախագիծը քննադատվում էր Մեղրիում համապատասխան ենթակառուցվածքի բացակայության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ քննադատները նաև ընդգծել էին, որ եթե այն ձեռնտու լիներ, «Տաշիր» ընկերությունների խումբն արդեն կառուցած կլիներ։
Կարապետյանը նշել է, որ ընկերությունն արդեն իսկ Հրազդանում կառուցում ՋԷԿ-ը և ամբողջությամբ տիրապետում է համապատասխան տեխնոլոգիային:
«Մենք տեսնում ենք, որ Մեղրին հենց այն վայրն է, որտեղ պետք է կայան լինի։ Մենք ընտրել ենք Մեղրին, քանի որ ենթակառուցվածքի առումով այն իդեալական է Իրանին միանալու տեսանկյունից»,- ասել է նա՝ ընդգծելով նախագծի շահութաբերությունը։
Երևանի կրկեսի կառուցում
Պատասխանելով Երևանում կրկեսի նախագծի իրականացման երկար ժամկետների վերաբերյալ քննադատություններին՝ Կարապետյանը, ընդունելով այդ հարցում ուշացումը, պարզաբանել է, որ կրկեսի բացումը կապված էր ոչ թե շինարարության ընթացքի, այլ նոր կրկեսի անհրաժեշտ կոնցեպցիայի որոնման հետ: Նա նաև տեղեկացրել է, որ ընկերությունը միայն վերջին շրջանում Երևանում հանձնել է տնտեսական հետաքրքրություն ներկայացնող մի քանի տասնյակ հազար մետր տարածք, ինչպես նաև երկու արտադրամաս Կոտայքի և Արարատի մարզերում, մեկը՝ Լոռու մարզում:
«Ընկերությունների խումբը և մեր թիմն այս պահին մեր երկրում նախագծերի իրականացման ամենամեծ փորձն ունեն։ Պետական այրերը կարող են գալ, կտրել կարմիր ժապավենը, իսկ հետո նախագիծը պետության հաշվին վնասով աշխատի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ երկրում որևէ կոնցեպտ վնասով աշխատի, ուստի մեր յուրաքանչյուր նախագծի վրա աշխատում ենք դրա շահութաբերությունն ապահովելու համար»,- շեշտել է Կարապետյանը։
Հայաստանում գյուղատնտեսության անկման մասին հայտարարության քննադատությունը
Վկայակոչելով Կենտրոնական բանկի տվյալները՝ Կարապետյանը նշել է, որ աճի իրական մակարդակի տեսանկյունից գյուղատնտեսությունը 2019 թվականին կրճատվել է 5%-ով, 2020-ին՝ 3%-ով, 2021-ին՝ 0,7%-ով։
««Քաղաքացիական պայմանագրի» կառավարման այս տարիներին, ըստ ԿԲ պաշտոնական վիճակագրության, այս՝ 21-րդ դարում, մեր գյուղատնտեսությունն անկում է ապրել մոտ 10%-ով»,- ընդգծել է նա:
Կարապետյանը նշել է ոլորտի զարգացման համար իշխանությունների կողմից հատկացվող միջոցների ծախսման անարդյունավետության մասին։ Նա նաև հիշեցրել է, որ երկրում 400 հազար հեկտարից 200 հազար հեկտարը չի մշակվում։ Նրա խոսքով՝ շարժումն առաջարկում է գյուղատնտեսության խնդիրները լուծել գյուղմթերքների մթերման կետերի ստեղծման միջոցով՝ ոլորտի ամբողջ ներուժն իրացնելու համար:
Անդրադառնալով մի քանի մարզում բնակչության թվի աճի մասին իշխանությունների հայտարարություններին՝ Կարապետյանն ընդգծել է, որ աճ նկատվում է միայն այն մարզերում, որտեղ նախկինում Արցախից տեղահանվածներ են ժամանել:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







