Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը, հայտնել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Նշվում է, որ պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։ Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։
«Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս»,- հայտնել են տեսչական մարմնից։
Ավելի վաղ Շաքիի ջրվեժի տարածքում կազմակերպվել էր երեխայի սեռի որոշման արարողություն՝ գենդեր-փարթի: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ սա օրենքի խախտում է: Ահազանգը փոխանցվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։ Տեսչական մարմնից հայտնել էին , որ ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







