Ազգային ժողովը 64 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայնով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած «Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին» խորհրդարանական հայտարարության նախագիծը։
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացրելով նախագիծը, նշեց, որ աջակցություն են հայտնում օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված համատեղ հռչակագրին:
«ԱԺ-ն կարևորում է ձեռք բերված համաձայնությունն առ այն, որ ՀՀ և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով: Առանցքային է համարվում, որ ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով»։
Կոնջորյանը, ներկայացնելով նախագիծը, հայտարարեց, որ ԱԺ-ն քաջալերում է «անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, ՄԱԿ կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը»:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է ՀՀ կենսական շահերից, և որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին նիստը՝ նշելով, որ «փաստաթուղթը քաղաքացիներին մոլորեցնելու նպատակ ունի և արտահայտում է միայն իշխող խմբակցության դիրքորոշումը»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







