Բելգիայի թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում, հայտնում է Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը:
Նա Հայաստան կայցելի որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։
«Այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նա կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ՝ քննարկելու երկրի առաջնահերթությունները Կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։
Նշվում է, որ թագուհին Հայաստանում կքննարկի նաև փախստականների տնտեսական և սոցիալական ներառման հետ կապված հարցեր։ Այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







