«Մեր ձևով» շարժման համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը պատասխանել է սփյուռքահայ գործարարների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասելով, որ վերջինս չի կարող Հայաստանի հետ վարվել այնպես, ինչպես իր «Հայկական ժամանակ» թերթին է վերաբերվում։
«Հայաստանը քեզ համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000 դոլար վերցնես՝ հոդված ծախես»,- գրել է Կարապետյանը։
Իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում վարչապետը հայտարարել էր, որ «Սփյուռքից միլիարդատեր էմիսարներին», որոնք իրենց ոչ պատշաճ պահվածք են դրսևորում, կարելի է «փաթեթել ու ուղարկել համապատասխան վայր, որպեսզի Հայաստանի համը մնա նրանց բերանում»։
«ՀՀ-ն ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք, ասեք, փաթաթեք, գնաք։ Ում մտքով նման բան կանցնի, ՀՀ-ն նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում, այնպես որ ՀՀ-ի համը բերանները մնա»,- ընդգծել էր վարչապետը։
Սրան ի պատասխան՝ Կարապետյանն ընդգծել է, որ «փաթեթավորման» մասին խոսում է քաղաքական գործիչը, ով «սուրճ է հյուրասիրում [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևին և սպասում նրա հետ սուրճի»։
«Ալիևի համար սուրճ դնողն ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց է խոսում»,- հակադարձել է Կարապետյանը Փաշինյանի այն խոսքերին, թե սփյուռքի միլիարդատեր էմիսարները Հայաստանում իրենց կարող են պահել միայն այնպես, ինչպես իրենց հիմնական գործունեության երկրում։
Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






