ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ հեռուստաալիքների լիցենզիաները պետք է «չեղարկվեն»։ Նրա այս խոսքերը հնչել են, երբ վարչակազմի ճնշման արդյունքում ABC հեռուստաալիքը ժամանակավորապես հեռացրել է շոումեն, հաղորդավար Ջիմմի Քիմելին, գրում է BBC-ն:
Հաղորդավարն իր ելույթում անդրադարձել էր Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողին՝ ասելով, թե Թրամփի կողմնակիցները փորձում էին «նրան ներկայացնել որպես ոչ իրենցից մեկը»։
Քիմելի հեռացումը մտահոգություններ է առաջացրել, որ Թրամփի վարչակազմը փորձում է սահմանափակել իր քննադատների խոսքի ազատությունը։ Մյուս հայտնի հաղորդավարները նույնպես արձագանքել են սկանդալին։
CBS-ի հաղորդավար Սթիվեն Քոլբերտն իր շոուի ժամանակ ասել է. «Սա բացահայտ ցենզուրա է։ Ավտոկրատի հետ հնարավոր չէ անգամ մեկ քայլ զիջել»։
Քիմելն իր մենախոսության մեջ Maga band-ին (Թրամփի Make America Great Again կարգախոսով համախմբված կողմնակիցներին- AT) մեղադրել էր Քըրքի սպանության մեջ կասկածվողին «օտարականի պես ներկայացնելու և դրանից քաղաքական միավորներ շահելու փորձի մեջ»։
Քըրքը մահացել էր սեպտեմբերի 10-ին՝ Յուտայի Վալիի համալսարանում ելույթի ժամանակ հրազենով կրակոցից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







