Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է կասեցնել ԵՄ-Իսրայել ասոցացման համաձայնագրի առևտրային դրույթները, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության երկու նախարարի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարության նկատմամբ, նշվում է հանձնաժողովի կայքում։
Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով առաջարկվում է կասեցնել Ասոցացման համաձայնագրի հիմնական առևտրային դրույթները, ինչը «գործնականում նշանակում է, որ Իսրայելից ներմուծումը կկորցնի ԵՄ շուկա արտոնյալ մուտքը»:
«Այս ապրանքները կենթարկվեն մաքսատուրքերի այն մակարդակին, որը կիրառելի է ցանկացած այլ երրորդ երկրի համար, որի հետ ԵՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր չունի»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրոպական հանձնաժողովը նաև առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «իսրայելցի ծայրահեղական կառավարության նախարարների և ագրեսիվ բնակիչների նկատմամբ»:
Նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովը նաև կասեցնում է Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը՝ բացառությամբ քաղաքացիական հասարակությանը և Յադ Վաշեմ Հոլոքոստի հուշահամալիրին աջակցելուն:
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը վերաբերում է Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին և Ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին: Գործակալությունը նաև նշում է, որ ԵՄ-ն Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն է. ըստ դաշինքի տվյալների՝ անցյալ տարի ապրանքների առևտուրը կազմել էր 42,6 միլիարդ եվրո։
Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ ազատ առևտրի համաձայնագրերի կասեցումը կազդի մոտավորապես 5,8 միլիարդ եվրո արժողությամբ արտահանման վրա, որի արդյունքում տարեկան կսահմանվեն մոտ 227 միլիոն եվրոյի սակագներ։
Ազատ առևտրի համաձայնագրերի կասեցումը կպահանջի ԵՄ-ի որակյալ մեծամասնության աջակցությունը՝ դաշինքի 27 անդամ պետություններից 15-ի, որոնք ներկայացնում են ԵՄ բնակչության 65%-ը։ Անանուն ԵՄ դիվանագետներին հղում անելով՝ գործակալությունը գրել է, որ առաջարկը, հավանաբար, չի ստանա անհրաժեշտ աջակցություն, քանի որ շատ բան կախված է Գերմանիայից, որը մինչ այժմ տատանվել է Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներ կիրառելուց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







