Իշխանությունները բոլոր համայնքապետերին «խստիվ հանձնարարել են ամեն գնով, անգամ սպառնալիքներով» իրենց բնակիչներին ստիպել հրաժարվել նվերներից, որոնք սեպտեմբերի 1-ին ընդառաջ բաժանել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ էր բաժանել՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ շատերը չեն ենթարկվել համայնքապետերին, սակայն ոմանք վախեցել են, որ խնդիրներ կունենան հետագայում ոռոգման ջրի և այլ հարցերի հետ կախված ու չեն վերցրել նվերները։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






