Իսրայելի զինվորականները պատրաստ են շարունակել պաղեստինյան Համաս շարժման առաջնորդների նպատակային ոչնչացումը, այդ թվում՝ այլ երկրներում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը՝ մեկնաբանելով Գազայում Համասի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդայի սպանությունը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Երեկ Գազայի հատվածում հարձակվեցինք Համասի ամենաբարձրաստիճան առաջնորդներից մեկի՝ Աբու Ուբեյդայի վրա, երբ շարժման ղեկավարության մեծ մասն արդեն վերացվել էր։ Մեր գործողությունները դեռ չեն ավարտվել, Համասի առաջնորդների մեծ մասը գտնվում է արտասահմանում, կհասնենք նաև նրանց»,- ասել է Զամիրը։
Զինվորական հրամանատարը հավելել է, որ բանակը չի դադարեցնում Գազայի հատվածից մնացած բոլոր իսրայելցի պատանդներին փրկելու իր փորձերը։
«Մենք կշարունակենք վճռականորեն գործել նրանց վերադարձնելու համար, և մենք չենք խնայի ոչ մի ջանք այս հարցում, սա մեր բարոյական խնդիրն է», — նշել է նա։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը Գազա քաղաքը հայտարարել էր վտանգավոր մարտական գոտի և դադարեցրել էր տեղական մարտավարական հրադադարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







