Ռուսաստանից Հայաստան է վերադարձվել կարանտինային բեռով 21 բեռնատար, ՌԲԿ-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
Ըստ գերատեսչության՝ օգոստոսի 22-ից 24-ը Հայաստանից Ռուսաստան է մտել կարանտինային ապրանքներով 146 մեքենա, որոնցից 21-ը վերադարձվել են։ Նշվում է, որ ապրանքների մուտքը մերժելու պատճառը կարանտինային ապրանքների մատակարարման համար Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջները չպահպանելն էր։
Այսօր ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա, Վրաստանից վերադարձվել են 4-ը։
Օգոստոսի 23-ին ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով` սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ են վերադառնում։ Նա հրապարակել էր տեսանյութ, որին կից նշել էր, որ բեռնափոխադրողներին չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին:
Հուլիսի սկզբից խնդիրներ էին առաջացել նաև Հայաստանից ՌԴ արտահանվող ծաղկի հետ կապված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







