Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելու հարցը, տեխնիկական խորհրդակցություններն արդեն սկսվել են, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանի խոսքով՝ Անկարան չի հրաժարվել F-35 ծրագրին մասնակցելուց, և այն ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական գործընթաց է, իսկ Թուրքիան անարդարացիորեն հեռացվել է այս ծրագրից։
«Մենք անընդհատ քննադատել ենք այս քայլը, որն անհամատեղելի է դաշինքի ոգու հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Անդրադառնալով երկրի պաշտպանունակության ամրապնդմանը՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է մեծացնել հրթիռային ներուժն իր ՀՕՊ համակարգերի զարգացման շրջանակներում:
«Թուրքիայի ՀՕՊ համակարգը հասցրել ենք որոշակի մակարդակի, բայց դա բավարար չէ: Պետք է ամրապնդենք մեր հրթիռային հնարավորությունները: Մենք ստեղծում ենք «համակարգերի համակարգ»՝ «Պողպատե գմբեթ», տարբեր մակարդակներում ինտեգրելով ՀՕՊ համակարգերը, սենսորները և էլեկտրոնային պատերազմի համակարգերը», — ասել է Թուրքիայի ղեկավարը։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին դիմել էր գնելու 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնելու այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռ, որոնք արդեն օգտագործվում էին երկրի ռազմաօդային ուժերում: 2024 թվականի փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը չէր առարկել Թուրքիային F-16-ների վաճառքին, քանի որ Անկարան հավանություն էր տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







