Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղի բնակիչներն ապրիլի 27-ին մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ բողոքելով տրանսպորտի թանկացման որոշման դեմ, հայտնում է «Ազատությունը»։
Այդ քայլով նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել տրանսպորտային փոփոխությունների դեմ:
«Ըստ այդ փոփոխությունների՝ Երևան և Աշտարակ հասնող տրանապորտը թանկանալու է: Ընդ որում՝ մայրաքաղաք հասնելու համար համար նրանք պետք է կրկնակի վճարեն»,- ասված է հրապարակման մեջ։
Shamshyan.com-ն ավելի ուշ գրել է, որ Կոշ գյուղի խաչմերուկի մոտ բողոքի ակցիային մասնակցել է գյուղի ավելի քան 15 բնակիչ։
«Պահանջում ենք, որ կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը վերանայեն որոշումն ու չեղյալ հայտարարեն այն, քանի որ դա իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար»,- ասել են բնակիչները։
Նրանք հայտնել են, որ որոշման արդյուքնում թանակցումից բացի այլ խնդիր կա։ Բնակիչների խոսքով՝ եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, որտեղից իրենք երթուղի չունեն դեպի Երևան։
«Նոր ծրագրով ահավոր իրավիճակ է ստեղծվում։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդի»,- ասել են բնակիչները։
Կայքի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, որը նշել է, թե «պատրաստ է դիմել կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի շահ քաղաքացու»։
Ապրիլի 22-ին Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչներն ակցիա էին իրականացրել և մերժել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ դեպի Երևան ավտոբուսային երթուղին փոխելու առաջարկները։ Ապրիլի 5-ին նրանք բողոքի ակցիա էին իրականացրել թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսների կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Ի նշան բողոքի՝ նրանք ժամանակավորապես փակել էին Երևան-Աշտարակ մայրուղու հատվածը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







