Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտում է ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու գործելակերպը, «Արմենպրես»-ին ասել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա փոխանցել է, որ Փաշինյանը դրոշներն «այրելն անպատասխանատու և անընդունելի» է համարում։
«Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս՝ հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է»,- ասել է Բաղդասարյանը։
Խոսնակի միջոցով Փաշինյանը, միևնույն ժամանակ, դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները։
«Վարչապետը դատապարտում է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերն ու հանդես գալ պարզաբանումներով»,- հավելել է խոսնակը։
Ապրիլի 23-ին ՀՅԴ կուսակցության երիտասարդական թևի կողմից Երևանում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի էր ունեցել ավանդաբար կազմակերպվող ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի։ Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն այրել էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Կարդացեք նաև`
Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի
Դիվանագիտության և հիշողության միջև. ինչպե՞ս է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը
Ուրուգվայից մինչև ԱՄՆ. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







