Ծնվել է 44-օրյա պատերազմի նահատակ-հերոս Գաբրիել Ավետիսյանի քույրը, հայտնում է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մամուլի ծառայությունը։
Գաբրիելի մայրը՝ Նելլի Թումանյանը պատմել է, որ հղիությունը պլանավորած չէր, սակայն երեխայի ծնունդն իր ընտանիքին բերել է մեծ լույս, նորից երազելու, ապրելու նոր հույս։
«Փոքրիկի ծնունդը պլանավորված չէր, բայց մեծ հույս է բերել մեր ընտանիքին, ապրելու հնարավորություն։ Աստծուն շնորհակալ եմ այս պարգևի համար, որով մեր կյանքը մի փոքր փոխվեց»,- ասել է նա։
Գաբրիելը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Բանակ էր զորակոչվել 2019թ․ հուլիսի 10-ին։ Սկզբնական շրջանում ծառայել էր Գյումրու հակատանկային զորամասում։ 6 ամիս ծառայելուց հետո ստացել էր կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվել Արցախի «Մարտունի 2» զորամաս։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին մասնակցել էր Արցախում կազմակերպված հանրապետական մրցույթին և հանրապետության մասշտաբով զբաղեցրել 2-րդ հորիզոնականը` իր զենքին գերազանց տիրապետելու համար։
Պատերազմի օրերին կռվել էր Աղդամում, Մարտունիում, իսկ հոկտեմբերի 19-ից՝ Ֆիզուլիում։ Պատերազմի ընթացքում խոցել էր մեծ թվով թշնամական տանկեր ու զրահատեխնիկա։ Զոհվել էր հոկտեմբերի 26-ին՝ Ֆիզուլիում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







