Գեղարքունիքի մարզում կնոջն ինքնասպանության հասցնելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը վերահսկել է իր կնոջը՝ նրան արգելելով շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել, ինչը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` վերջինիս հասնելով ինքնասպանության:
«Կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Մակարով» տեսակի ատրճանակից իրենց տանը կրակել է իր գլխին՝ ինքն իրեն պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ն նաև հավելում է, որ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, որը միացվել է վերոհիշյալ քրվարույթին` «օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով»:
Ամուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով) և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մերձավոր ազգականի կողմից ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով):
Օգոստոսի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







