«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ավարտեց Գյումրիում նախաձեռնած հանրահավաքն ու հայտարարեց առաջիկայում նախատեսվելիք մեծ հանրահավաքի, նաև Քննչական կոմիտե այցելելու մտադրության մասին։
«Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը, հավանաբար, կլինի մեր ասելիքի ու ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում»,- հանրահավաքի իր ելույթի ժամանակ հայտնեց շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա տեղեկացրեց, որ գալիք շաբաթվա ընթացքում պատրաստվում են այցելել Քննչական կոմիտե, նախատեսում են ևս մի քանի մարզ գնալ ու շարունակել անհնազանդության ակցիաները Երևանում։ Սրբազանը, սակայն, հստակ ժամկետներ չնշեց։
«Արգիշտի Քյարամյա՛ն, վաղը որ գամ Քննչական կոմիտե, կտեսնեմ՝ կկարողանա՞ս ինձ կալանավորել։ Միգուցե շաբաթվա մեջ մի թեթև այցելություն ունենանք, որ դու էլ վախերդ բռնես։ Ստանալու ես քոնը ու լավ ես ստանալու»,- ասաց Սրբազանը։
Վերջինս հայտնեց, որ, իրենց տեղեկություններով, «շարժման աջակիցներին ու ակցիաների մասնակիցներին ձերբակալելով՝ իշխանությունը փորձում է շարժման առաջնորդներին ձերբակալելու, կալանավորելու հող նախապատրաստել»։
Գյումրիի հանրահավաքի ավարտին մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումների ու հայտարարությունների գրություններով սև փուչիկներ պայթեցրին՝ ի նշան այդ հայտարարությունների իրականությանը չհամապատասխանելուն։
Այդ խոստումների թվում էր՝ «ձեռքս կկտրեմ, բայց չեմ ստորագրի», «Արցախը Հայաստան է և վերջ», «արագաչափերը պետք է հանվեն», «Հայաստանում ներգաղթ է սկսվելու», «Հայաստանում կոռուպցիա չկա»։
Հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ այս ձևով նշում են Փաշինյանի ծնունդը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Փաշինյանի ծննդյան օրն է։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






