Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք այժմ ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ։ Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այսքան մոտ չի եղել։ Սա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքն է»,- ասել է Ալիևը՝ «Վերականգնելով կործանված աշխարհը» Բաքվի XI գլոբալ ֆորումի իր ելույթում։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ խաղաղ գործընթացը։ «Երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումները վերականգնվել են։ Մենք տեսնում ենք, որ խաղաղությունը հասանելի է, մենք դա ենք ուզում։ Ժամանակն է վերջ դնել թշնամությանը»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 7-ին ասել էր, որ Երևանն ու Բաքուն չեն կարողացել համաձայնության գալ խաղաղության պայմանագրի նախագծի երկու կարևոր դրույթների՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանման սկզբունքի և տարածաշրջանային կապերի ու տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման շուրջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







