Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ մանրամասնել է հունվարի 13-ին զինծառայող Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքները։ Նա նշել է, որ խնդիրը երկու կողմ ունի, որից առաջինը եղանակային պայմաններն էին։
«Վերջին տասը օրվա ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում: Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր»,- ասել է Պապիկյանը:
Իսկ հաջորդ տեսանյունից՝ նախարարի խոսքով, խնդիրը պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ է։
«Ես անուններ և պաշտոններ, բնականաբար, չեմ հնչեցնի, բայց պետք է նշեմ, որ սա չի կարող պատասխանատուներ չունենալ: Միայն կարող եմ ասել՝ ակնհայտ է, որ վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ, որ որևէ տեղաշարժ չիրականացնել»,- ընդգծել է նախարարը:
Պապիկյանը հավելել է, որ դեպքի ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում. «Քննչական գործողությունների արդյունքում կպարզվեն բոլոր այն խնդիրները, որոնք դարձել են այս դժբախտ պատահարի պատճառ»,- ասել է նա:
Հունվարի 13-ին ՊՆ-ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մանուչարյանի հետ։ Հունվարի 14-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ ժամը 14։20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ցղունի գյուղի տարածքում ձնահյուսի տակից ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 2003 թվականին ծնված զինծառայողի դին։ Նրա մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







