Ադրբեջանցիները ևս մեկ խաչքար են ոչնչացրել Արցախում, հայտնել է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։
«Ադրբեջանցիներն այս անգամ ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանն ավերել էր Արցախի Թթու ջուր կոչվող տարածքի խաչքար-հուշաղբյուրը։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ միջազգային հանրության անգործության պայմաններում։ Նոյեմբերի 23-ին Monument watch-ը հայտնել էր, որ Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի՝ Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը, «պեղումներ» էր սկսել Տիգրանակերտի Արքայական աղբյուրների շրջակայքում, որը հայկական արշավախմբի կողմից պեղվել էր 2011թ․:
Armenia Today-ը մեկտեղել էր Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման մասին իրեղեն ապացույցներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







