Երևանում տեղի է ունեցել ծեծկռտուք, սպանություն՝ միմյանց երկար նայելու հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23։23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում «Աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ ծնված 1974թ․, ով նույն օրը՝ ժամը 23։50-ին, գիտակցության չգալով, մահացել է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել են դեպքի էական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը․ վերջինս Երևան քաղաքի 20-ամյա բնակիչ է։
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի Զավարյան փողոցում չնչին առիթով՝ միմյանց երկար նայելու հարցի շուրջ, 20-ամյա երիտասարդը, եղբոր և մի խումբ այլ անձանց հետ վեճի է բռնվել Երևանի բնակիչ 2 եղբայրների հետ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը, եղբոր և հիշյալ անձանց հետ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, աղմկելով, հայհոյանքներով, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և մարդկանց անդորրը, տարածքի բնակիչների մոտ հարուցել վախի և անհանգստության մթնոլորտ»,- հայտնում է ՔԿ-ն։
Այնուհետև, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ վերցրած սուր կտրող-ծակող առարկայով նա հարվածել է երկու եղբայրների՝ վիճաբանությանը միջամտած 49–ամյա հոր աջ աճուկային շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։ Ձեռք բերված փաստերի հիման վրա 20-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվե։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուլիգանական արարքներին մասնակցություն ունեցած բոլոր անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







