ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածանձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա են եղել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն:
Աբազյանը հանձնաժողովի գործունեության մեկ տարվա կապակցությամբ ներկայացրել է կատարված աշխատանքները և խոսել ապագա անելիքների մասին: Կրկին կարևորվել է անհայտ կորածների վերաբերյալ հարաբերությունները կարգավորող օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Առանձնացվել են այն հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներին, նրանց հարազատներին:
Հատուկ ընդգծվել է Հանձնաժողովի և ծնողների միջև տեղեկատվական կապը մշտապես պահպանելու կարևորությունը: Խոսվել է նաև ծնողներին հուզող խնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակների մասին: Անդրադարձ է կատարվել նաև գերեվարված անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Այնուհետև Հանձնաժողովը ընտրել է թափուր տեղի համար դիմած հասարակական կազմակերպություններից՝ «Մեծ Հայք» ռազմահայրենասիրական-ազգապահպան հասարակական կազմակերպությանը:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտում կատարված աշխատանքները՝ անդրադարձ կատարելով պետության, ինչպես նաև Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված սոցիալական, հումանիտար ծրագրերին, Քննչական կոմիտեում անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ կատարվող քննության ընթացքին և ԴՆԹ նույնականացման արդյունքները միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան ծնողներին և հարազատներին ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև 2024 թ. համար պլանավորված միջոցառումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







