Հայաստանում աշխատանքային ռեսուրսների 54 տոկոսը կանանց են, 46 տոկոսը` տղամարդկանց, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ ըստ վիճակագրության՝ ՀՀ բնակչության 53 տոկոսը կանայք են, 47 տոկոսը` տղամարդիկ։
«Հայաստանի բնականոն զարգացումն ապահովելու համար մենք պետք է այլոց շարքում, այդ թվում` պայմաններ ստեղծենք, որպեսզի կանանց ներուժը` տնտեսական, հանրային և հնարավոր բոլոր ուղղություններով ինքնարտահայտվելու, պետության զարգացման գործին ներգրավվելու լիարժեք հնարավորություն ունենա: Նման պայմաններ ապահովելն էական է` մեր երկրի հետագա զարգացման տեսակետից»,- ասել է նա:
Ըստ վարչապետի՝ կանանց նկատմամբ բռնությունն առանցքային խոչընդոտներից մեկն է` նրանց տնտեսական և հանրային ակտիվությունն ապահովելու գործում:
«Նաև սա է պատճառը, որ ցանկացա այսօր հանդիպել ահա այսպիսի ներկայացուցչական կազմով` նախ ընդգծելու թեմայի կարևորությունը, ապա նաև հենց այս դիտանկյունը և կոնտեքստն այն ըմբռնմամբ, որ իմ կարծիքով` երբեմն այս հանգամանքը վրիպում է ուշադրությունից կամ չի ընդգծվում»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` շատ դեպքերում փորձ է արվում թեմային տալ բոլորովին այլ ենթատեքստ՝ փորձ անելով հիմնավորել, թե այս թեմայի քննարկումներով հարված է հասցվում մեր ավանդական արժեքներին, ավանդական պատկերացումներին:
«Բայց նաև պիտի ասեմ, որ կտրականապես համաձայն չեմ նման ըմբռնումների և ընկալումների հետ, որովհետև եթե նույնիսկ որևէ մեկը գտնում է, որ բռնությունը, այդ թվում` ընտանիքում և կենցաղում կարևոր ավանդույթ է, ուրեմն պետք է արձանագրել, որ այն վատ ավանդույթ է և պետք է այն հաղթահարել»,- ասել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







