Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությանը։
«Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարիոն Մարեշալը։
Նիկոլաս Բեյը հայտնել է, որ քննարկել են Արցախի տարածք Ադրբեջանի ներխուժումից հետո նրա հայկական և քրիստոնեական հիշողությունը վերացնելու Ադրբեջանի ձգտման հարցը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







