«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում խոր, բայց դեռ լուռ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ: Միմյանց հետ խոսակցություններում քննադատում են Փաշինյանին և նրա հակառուսական թիմին, բայց դեռ չեն բարձրաձայնում: Հրատարակության կարծիքով՝ հակառուսականության հետևողական խորացումը կարող է ճեղքում մտցնել նաև հենց ՔՊ թիմում, որովհետև ահազանգեր հնչեցնում են հենց ՔՊ-ականները, ընդ որում՝ ոչ շարքային:
Հիշեցնենք, որ The Wall Street Journal-ի հարցին, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն է, թե խոչընդոտող հանգամանք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ «այս պահին առավելություններ չի տեսնում»։ Նա միևնույն ժամանակ հայտարարել էր, որ ռազմաբազան հանելու հարց ՀՀ կառավարությունը չի քննարկում։
Կրեմլը հայտնել էր, որ չգիտի, թե ինչ է ասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ռուսական ռազբազայի մասին։
Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ քննադատել էր Հայաստանի դաշնակիցներին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու ձախողման համար։ Լեռնային Ղարաբաղի հայերին արտաքսելու Բաքվի ծրագրերի իրականացմանը, ըստ Հայաստանի վարչապետի, նպաստել է նաև ռուս խաղաղապահների անգործությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում անպատասխանատու և սադրիչ է, հայտնել էր Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






