Մեն կղզում ընթացող «FIDE Grand Swiss 2023» մրցաշարի երկրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ է տոնել միայն Սամվել Տեր Սահակյանը։
Համաձայն Chess-results.com-ի տվյալների` Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։
Մրցակցի հետ հանդիպումը խաղաղ ելքով են ավարտել նաև ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը։ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը պարտվել է։
Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը, երկրորդ տուրում մրցել են միմյանց հետ և կիսել միավորը։
Առաջին տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ էին գրանցել Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ ներկայացուցիչներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը։
Սամվել Տեր-Սահակյանը և Վարուժան Հակոբյանը (ներկայացնում է ԱՄՆ-ն) վաստակել էին կեսական միավորներ, իսկ Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը պարտվել էին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարին Հայաստանը կմասնակցի 8 շախմատիստով։ Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կտևի մինչև նոյեմբերի 5-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







