Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TACC գործակալությունը։
«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ին ընկալել որպես առաջնային աղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Բարեկամներ, մենք ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն այս թեմայի վերաբերյալ: Ռուսաստանի և Հայաստանի համար ճիշտ չէ շփվել թերթերի, հատկապես՝ Wall Street Journal-ի միջոցով: Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, և մենք շարունակելու ենք դա անել, մենք ունենք շատ ծավալուն օրակարգ»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, «փորձում է օգնել Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագրի կնքմանը»։ «Սա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում ավելի դրական, ստեղծագործ կենսամակարդակի հասնելու համար»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը։
Հոկտեմբերի 25-ին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան չի կատարել դաշնակցի իր պարտավորությունները՝ հատկապես սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման ժամանակ։ «Այս իրադարձություններն, ըստ էության, մեզ հանգեցրին այն որոշմանը, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր անվտանգության հարաբերությունները, և մենք հիմա փորձում ենք դա անել»,- ասել էր վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






