Մենք 100 000 մարդ ենք ընդունել մեկ շաբաթվա ընթացքում ու հիմա այդ մարդիկ կարող են կացարանում չմնալ և կարող են պատշաճ բնակարան վարձել, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բռնատեղահանված արցախցիներին մշտական կացարանով ապահովելու մասին հարցին:
Պատգամավոր Գեղամ Նազարյանը նշել է, որ արցախցիների մասին կառավարության որոշումներին ծանոթանալուց այնպիսի տպավորություն է ստացվում, որ խոսում ենք X երկրից եկած Y ազգությամբ փաստականների մասին: «Իրականում խոսքը մի ժողովրդի մասին է, որն այս իրավիճակում հայտնվել է այս կառավարության պոպուլիստական, ուտոպիստական քայլերի, գործողությունների հետևանքով: Իհարկե Ադրբեջանի ցեղասպան, բռնապետական իշխանությունն է իրականացրել դա, բայց մեր կառավարությունն էլ պարտավոր էր արցախցիների երաշխավորը լինել: Ասում են՝ մարդկանց կացարանով ապահովել են, իսկ հետաքրքրվե՞լ եք, ինչ կացարանում են, այդ մարդիկ դրա՞ն էին արժանի, այդքան հերոսական դիմադրությունից ու պայքարից, 9-ամսյա շրջափակումից հետո զոռով քերելով իրենց հողից բերեցին այստեղ: Կառավարությունը մտադի՞ր է արցախցիներին բնակարանով ապահովել: Արցախցին իրո՞ք պետք է վճարի բնակարան ձեռք բերելու համար, թե պետությունը զգում է, որ պարտք է ու պարտավոր է այս խնդիրները լուծել»,- հարցրել է Նազարյանը:
Անդրադառնալով հարցերին Նիկոլ Փաշինյանը թվարկել է կառավարության կողմից հատկացված դրամական միջոցները, որոնք, ըստ նրա, բավարար են պատշաճ կացարան վարձելու համար: «Մենք որևէ մեկին թոշակից չենք զրկել: ՀՀ օրենսդրությամբ մենք թոշակ կարող ենք տրանադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մարդկանց ժամանավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակ տալով ՀՀ քաղաքացիության համար դիմելու պարագայում արագացված կարգով թոշակավորման ու այլ հարցերը կկարգավորվեն»,- վստահեցրել է վարչապետը:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիներին հասանելի բոլոր ծրագրերը հասանելի կլինեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն:
Նույն նիստում Փաշինյանը, պատասխանելով արցախցիներին վերաբերող հարցերը Արցախի Հանրապետության օրինական ներկայացուցիչների հետ քննարկելու մասին հարցին, ասել է, որ ՀՀ պետական ինստիտուտների կողմից կայացվելիք որոշումները քննարկում են այն ինստիտուտների և շրջանակների հետ, որոնք ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրության որոշումներ կայացնելու լիազորոություններ ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







