ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ԼՂ-ի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձն անդրադառնում է արցախցիների բռնի տեղահանումից բխող մարդասիրական ծանր հետևանքներին և ընդգծում Արբեջանի կողմից արձանագրված լուրջ խախտումները։
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձևն ու հանձնարարականը անդրադառնում են ԼՂ հայերի բռնի տեղահանումից բխող մարդասիրական ծանր հետևանքներին և մարդու իրավունքներին՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտման մեխանիզմները»,- X-ի իր միկրոբլուգում գրել է նա։
ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել էր բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և արձանագրում, որ տարածաշրջանի գրեթե ողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի և Բաքվի հայատյաց քաղաքականության պատճառով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







