Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկի խաղաղ երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի, իր Facebook-յան էջում հայտնել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, որը Ռուբեն Վարդանյանի ընկերն ու գործընկերն է։
«Ընկերնե’ր, հազարավոր նամակներ և զանգեր ենք ստացել Հայաստանից և ամբողջ աշխարհից այն հարցով, թե ինչպես կարելի է օգնել Ռուբեն Վարդանյանին, որը պարզապես առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից զուտ այն պատճառով, որ պայքարել և պայքարում է իր հայրենիքի համար: Դրանով իսկ Ռուբենը, ցավոք, դարձել է Ադրբեջանի թիվ 1 թշնամին և թիրախը: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր հնարավոր ուղղություններով՝ իրավական, դիվանագիտական, տեղեկատվական և այլն»,- հայտնել է նա։
Հայրապետյանը նշել է, որ այդ պայքարի համար չափազանց կարևոր է առավելագույն իրազեկումը և աշխարհի ուշադրության գրավումն Ադրբեջանի հերթական խայտառակ արարքին:
«Այդ նպատակով սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկի խաղաղ երթ՝ ի աջակցություն մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի, որը, մեղմ ասած, քիչ բան չի արել Հայաստանի և Արցախի համար: Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը:
Խնդրում եմ մի կողմ թողնել բոլոր տեսակի քաղաքական, կիսաքաղաքական քայքայող թեմաները և միանալ աջակցության խաղաղ երթին»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







