ՀՀ ՔԿ-ն հայտնել է, որ կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացու մոտ ապօրինի կերպով պահվող սառը զենք է հայտնաբերվել, ինչպես նաև տեղեկացրել է, որ զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։
Գերատեսչության փոխանցմամաբ՝ վերոնշյալ դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով), 327-րդ հոդվածի 1-ին մասի (հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը, զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու կամ անձի նկատմամբ բռնություն գործադրելու կոչը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում զինված գործողություն սկսելու մասին։ Գործակալությունը Ստեփանակերտի ռմբակոծությունն անվանել է «հակաահաբեկչական գործողություն»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման նպատակն անվանել էր Հայաստանին ներքաշել հակամարտության մեջ։ Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում էին տեր կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչպես նաև կոչ էին արել երկրում իշխանափոխություն իրականացնել։
Սեպտեմբերի 20-ին բողոքի ակցիաները շարունակվել են։ Ընդդիմությունը հայտարարել էր, որ սկսում է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց։ Կառավարության դիմաց տեղի էր ունեցել բախում ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով տուժել էր մեկ ոստիկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







