ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի գործողությունները հուշում են, որ Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել այնպես, որ իր հնարավորություն թողնի ապագայում Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել։ Նա այս մասին հայտարարել է կառավարության օգոստոսի 3-ի նիստում։
«Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի պլանը հետևյալն է․ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին»,- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։ Եթե նման հարց բարձրացվում է, ապա սահմանները որոշված են։
«Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման»,- ասել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







