Անվճար սանհանգույցը նորմալ վիճակում չի լինում։ Ամեն ինչ անվճար անելով՝ մենք մարդկանց լավություն չենք անում, թող վճարեն և արժանապատիվ օգտվեն։ Այս մասին հուլիսի 13-ի կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հանրային լողափերում հասարակական ծառայությունների վիճակին, այդ թվում` հասարակական զուգարանների։
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում` հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են գնահատում քաղաքում հասարակական զուգարանների վիճակը, ի՞նչ են կարծում՝ արդյոք արժե՞ պատրաստել բացառապես վճարովի զուգարաններ, բայց այնպես, որ դրանք մաքուր լինեն։
Քաղաքացիների մեծամասնությունը չնայած չի օգտվել հասարակական զուգարաններից, բայց դժգոհ է վիճակից. «Գոհ չեմ ո՛չ միայն հասարական զուգարաններից, ամբողջ քաղաքն աղբի մեջ կորած է, գարշահոտությամբ լցված է, իշխանությունը թող մարդկանց համար արժանապատիվ կյանք ապահովի ցանկացած ոլորտում, մենք ամբողջությամբ անպաշտպան ենք, զուգարանն ամենավերջին հարցն է, որ կարող ենք լուծել, մնացած բոլոր հարցերը շատ ավելի կարևոր են»,- վրդովված նկատեց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի նշեց. «Դա այն հիգիենան է, որ պետք է պահպանվի, ես ինքս համաճարակաբան եմ և գիտեմ, որ դա շատ կարևոր է, ցավոք սրտի՝ մեր ժողովրդի մեջ կա նման մտածելակերպ, որ եթե վճարում ես, ապա ունես պարտականություն, իսկ եթե չես վճարում, ունես իրավունք, այ դա խնդիր է, այսինքն՝ եթե ունես իրավունք, ուրեմն կեղտոտում ես, թափում, իսկ եթե պարտականություն, ապա պետք է մաքուր պահես»,- ասաց նա։
Մեր հարցված քաղաքացիներից կային մարդիկ, որոնք դժգոհ էին վիճակից, բայց վստահ էին, որ ամեն ինչ լավ կլինի. «Ես չեմ օգտվում, բայց լսել եմ, որ մեր ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ այդ հարցը լուծվի, ես վստահում եմ մեր ղեկավարությանը»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







