ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան վստահ է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում ողջամիտ քաղաքական գործիչները պատասխանատու եղանակով են մոտենում այն դիրքորոշմանը, որը բոլոր փուլերում առաջ է տանում Ռուսաստանը: Կարծում եմ, մեր ջանքերը ցանկալի արդյունք կապահովեն և կհասցնեն խնդրի կարգավորման»,- նշել է նա:
Դիվանագետը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը, ի տարբերություն Արևմուտքի, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունում փնտրում է միայն «կայուն կարգավորման բանաձև» և աշխատում է երկու երկրների համար հասկանալի օրակարգի վրա։
«Մենք չէինք ցանկանա, որ մեր առաջարկներում որևէ մեկը տեսներ աշխարհաքաղաքական մրցակցության տարր, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի հետ»,- հավելել է Ռյաբկովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալն իր պատրաստակամությունն է հայտնել օգնել կողմերին այն կետը գտնելու հարցում, որտեղ շահերը համընկնում են։
Դիվանագետը, խոսելով Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, մատնանշել է, որ Ռուսաստանն արել է և կշարունակի անել հնարավորը՝ «ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար»։
«Հնարավորություններն անսահման չեն, ռեսուրսները նույնպես պետք է բաշխվեն առաջնահերթությունների միջև, բայց այս թեման տեսադաշտում է, մենք դրանով կզբաղվենք»,- եզրափակել է Ռյաբկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 21-ին անարդյունք էր անվանել հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած բանակցությունները։ «Ցավոք, հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը կոնկրետ արդյունքներ չտվեց Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով»,- հայտարարել էր Փաշինյանը։
Հուլիսի 15-ին Բրյուսելում բանակցություններ էին տեղի ունեցել Փաշինյանի, Ալիևի և Միշելի միջև, որից հետո Միշելը հայտնել էր, որ կողմերը քննարկել են «Ղարաբաղի հայ բնակչության վիճակը» և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հունիսի 1-ին Քիշնևում էին բանակցություններ անցկացրել Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին նաև մայիսի 25-ին Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







