Լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք, հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ ողջունելով Հայաստանում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները։
«Դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջն ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է Ներսիսյանը։
Նա կոչ է արել կանգնել այդ պաատասխանատվությունն ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին:
«Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք»,- գրել է նա:
Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։ Այսօր ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հավաք է անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։ Պահանջը Լաչինի միջանցքը բացելն է՝ ապահովելով մարդկանց ու տրանսպորտի ազատ տեղաշարժ։ Արցախցիները նաև քայլերթ են իրականացրել ՌԴ դեսպանատան մոտ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







