ԵՄ արտաքին ծառայությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն է հայտնել ԿԽՄԿ-ի գործունեությանը Հարավային Կովկասում։
«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն տրամադրում է կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն և պաշտպանություն կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության հումանիտար սկզբունքներին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։
Գործակալությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
«Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ապահովելու, որ ԿԽՄԿ-ն շարունակելի իր գործունեությունը՝ կանխելով պոտենցիալ հումանիտար ճգնաժամը», — հավելել է ԵՄ Արտաքին ծառայությունը:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը արգելափակել է մարդասիրական ուղեւորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե պատնեշներ է տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին, բայց հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ կապված «մաքսանենգության փաստերի» հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն այս գործողություններն անվանել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու հերթական փորձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







