Ուկրաինան, անկասկած, արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Թուրքիայի նախագահը նշել է Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման առանձնահատուկ կարևորությունը։
«Տարվա ընթացքում հացահատիկի միջանցքով փոխադրվել է 33 մլն տոննա ապրանք։ Սույն պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Այժմ շատ կարևոր է հասնել համաձայնագրի երկարաձգմանը։ Թուրքիան շարունակում է իր ջանքերն այս ուղղությամբ։ Կարևոր է շարունակել այս նախաձեռնությունը երկու-երեք ամիս ժամկետով։ Ընդհանուր առմամբ, մենք փորձում ենք ապահովել արտադրանքի մատակարարումը համաշխարհային շուկաներ 2 տարի ժամկետով»,- ասել է նա
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի ջանքերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու համար։
«Հակամարտության հենց սկզբից մենք ցույց ենք տվել մեր համերաշխությունն Ուկրաինային՝ կոնկրետ օգնություն ցուցաբերելով բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության: Մենք նաև այն երկիրն էինք, որը գործադրեց ամենաինտենսիվ ջանքերը՝ միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով պատերազմն ավարտելու համար»,- ասել է Էրդողանը։
Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ գլխավոր խնդիրն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելն է։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների հնարավոր փոխանակման մասին լրագրողի հարցին նա պատասխանել է հետևյալ խոսքերով. «Այս ուղղությամբ ջանքերը շարունակվում են։ Մենք այսօր այդ թեման քննարկել ենք նախագահ Զելենսկու հետ, հաջորդ ամիս պարոն Պուտինը նույնպես կայցելի Թուրքիա, մենք հնարավորություն կունենանք քննարկել այդ հարցը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին և թուրք ժողովրդին աջակցության համար։
«Շնորհակալ ենք Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և խաղաղության մեր բանաձևին աջակցելու համար։ Դրա հիմքում ընկած է մեր երկրների, մեր ժողովրդի ու շահերի պաշտպանությունը»,- ասել է Զելենսկին:
Զելենսկին նշել է, որ Կիևը կողմ է հացահատիկի գործարքը երկարաձգելուն, մինչդեռ դրա ճակատագիրը չպետք է կախված լինի մեկ պետության դիրքորոշումից։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ «տարբեր միջանցքներ պետք է լինեն»՝ մանրամասնելով, որ խոսքը Նիկոլաևի շրջանի նավահանգիստներից նավերի տեղաշարժի մասին է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







