Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, Ֆրանսիան կեղծ միջնորդի դեր է ստանձնում, Բաքվում անցկացվող Չմիացած երկրների շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի՝ հետ։ Եթե Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությամբ, ապա զորքերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղի շրջանից»,- ասել է նա։
Ալիևը նաև նշել է, որ Ֆրանսիան կեղծ դիրքորոշում ունենալով որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան՝ շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին։
«Ցավոք, Ֆրանսիան փորձում է արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասում՝ աջակցելով հայկական անջատողականությանը Ղարաբաղի տարածաշրջանում և օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, արտաքին ռազմական ներկայությունը և արևելագիտության գաղութային քաղաքականությունը»,- ասել է Ալիևը։
Նա նաև քննադատել է ՄԱԿ–ին՝ հայտարարելով, թե ներկայումս միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, չեն արդարացնում մարդկության սպասելիքները:
«ՄԱԿ-ն անխուսափելիորեն պետք է անցնի լուրջ բարեփոխումների միջով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալի մասունք է և չի արտացոլում ներկա իրականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Հունիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







