Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ կառավարության օրակարգից դուրս է, գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Նաղդասարյանը։
Նրա խոսքով՝ իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարևոր է համարում ընգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ, ամենօրյա շփումների մասին: Այդ հանգամանքը հրապարակային ելույթներում և տարբեր ձևաչափերում վերահաստատել է նաև ԼՂ նախագահը:
«Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2022թ․ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- հիշեցրել է Բաղդասարյանը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







