Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին Հայաստանի հայտարարությունները նույնպես պետք է լինեն թղթի վրա, և նա պետք է ստորագրի դրանք։ Միայն այս դեպքում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել Հարավային Կովկասում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը նաև ընդգծել է, որ այլ կարևոր պայմաններ են Զանգեզուրի միջանցքի բացումը և պաշտպանության բանակի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ խաղաղության պայմանագիրն «ավելի անհրաժեշտ է Հայաստանին, քան Ադրբեջանին»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել է, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քառակուսի կիլոմետր մակերես է՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ «Բայց միևնույն ժամանակ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- պարզաբանեց նա։
Ավելի վաղ Ալիեւն ասել էր, որ «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կա՛մ ապրելու այլ տեղ փնտրեն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







