ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Հայաստանի հետ տարաձայնությունների պատանդ։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է «աշխատանքները ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով և, ի դեպ, այլ ուղիներով՝ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար»։ «Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դա կարևոր է», — ասել է նա:
Զախարովան նաև կոչ է արել Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից։ Նրանց գործունեությանը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և, ընդհանուր առմամբ, հանգեցնում է իրավիճակի սրման։ Մենք կոչ ենք անում Բաքվին քայլեր ձեռնարկել մարդասիրական նպատակներով միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնելու ուղղությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հանրապետության կառավարությանն առընթեր Արցախի տեղեկատվական շտաբը հունիսի 15-ին հայտնել է, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հաստատեց, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







