Նոյեմբերի 9-ին կար Շուշիի պահպանմամբ հրադադարի կնքման հնարավորություն, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ 90 տոկոս ադրբեջանցիների վերադառնալու դեպքում Շուշին չէր լինի Արցախի տիրապետության տակ։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու է փախստականների վերադարձ։ Հարց եմ տալիս՝ այս պահին Արցախում գոնե մեկ ադրբեջանցի եկե՞լ է, բնակվո՞ւմ է։ Հետևաբար, ներկայացնել, թե նմանօրինակ ձևակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է, Փաշինյանը պարզապես ստում է։ Այդ օրը հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ հրադադարի»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Սյունիքի տրանսպորտային ճանապարհին, ըստ Մամիջանյանի, նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ պետք է ապահովվի ճանապարհի տրամադրում, այսինքն՝ երկու կետերը, որոնք Փաշինյանի համար «կարմիր գիծ էին», վերջում ստորագրվել են։
«Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանք էին։ Հայ զինվորի արյան և կյանքի գնով ինքն ապահովել է հետագայում քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Շուշիի անկման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







