Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հրապարկել է լուսանկարներ, որոնք փաստում են, թե վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաներն ինչպես են փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ:
«Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա: Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը: Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ»,-գրել է Բեգլարյանը։
Վեց օր շարունակ Արցախի 120,000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:




© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







