Բացառված է, որ 1 տոննա կոկաինը Հայաստան տեղափոխվեր Զվարթնոց օդանավակայանով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը, ըստ որի՝ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ ներմուծվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։ Թմրանյութը Հայաստան տեղափոխելու հարցում իշխանությունների հովանավորչության մասին լուրերին անդրադառնալով՝ նա նշել է, որ նման լուրերն ընդամենը շահարկումներ են։ Նա հստակեցրել է, որ անպայման չէ մաքսանենք ապրանքը երկիր ներմուծվի մաքսյաին հսկողության գոտիներով։ Ըստ նրա՝ դա կարող է իրականացվել՝ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները։ Հստակ պատասխան չտվեց այն հարցին, թե թմրանյութերով լի բեռներն անցել են արդյոք հատուկ սքաների միջով։ «Ենթադրաբար կարող է անցած լինել»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին ԱԱԾ-ն պարզել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Հիշեցնենք նաև, որ Իտալիայի ֆինանսական գվադիան մայիսի 16-ին, առգրավել էր շուրջ 3 տոննա կոկաին, որը Հայաստան էր հասնելու Էկվադորից: Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







