Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է Բռնցքամարտի աշխարահի առաջնությունը: Հայ մարզիկները մենամարտերը մեկնարկել են դրական արդյունքներով:
67 կգ քաշային կարգով մեկնարկեց Գուրգեն Մադոյանը։ 1/8 եզրափակիչում նա մենամարտեց Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ առավելության հասնելով երեք ռաունդներում էլ (5:0)։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը մենամարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ եւ հաղթել 5:0 հաշվով։
Հովհաննես Բաչկովն ապահովել է Հայաստանի առաջին բրոնզե մեդալն աշխարհի առաջնությունում։
Աշխարհի առաջնությունում հաղթանակներ են տարել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոններ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ):
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/8 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Դանաբիեկե Բայկեվուզիին։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է կուբացի Ալեխանդրո Կլարոյին։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։
60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։
Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







