ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը պահելու հիմնական գործոններին: Նրա խոսքով՝ շուրջ երեք տարի է ականատես ենք լինում դավադիր մարդու հոգեբանությանը:
«Իշխանությունն ամբողջությամբ զավթում է, պետական բոլոր կառույցները ենթարկեցնում է իրեն, պետական-քաղաքական պատասխանատու պաշտոնների է նշանակում դիլետանտների: Կառավարության անդամները բոլորն իր նշանակած մարդիկ են: Պետության անունից գլխավոր բանակցողն ու միանձնյա որոշում կայացնողն ինքն է: Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն իրենն է և անտրտունջ կատարում իր բոլոր քմահաճությունները: Ուժային բոլոր կառույցներն իր ուղիղ ենթակայության տակ են: Զինված ուժերն ամբողջությամբ ենթարկվում են իրեն և իր նշանակած գեներալներն են զբաղեցնում բարձրագույն հրամանատարական պաշտոնները»,- գրել է Զաքարյանը:
Նա հավելել է, որ ՊՆ ղեկավար կազմն ամբողջությամբ իր նշանակած մարդիկ են: Դեսպաններին բոլորին փոխում է` նշանակելով իր թիմակիցներին կամ իր իշխանության տակ մտածներին, իսկ պետական ու օտարերկրյա ֆինանսավորում ունեցող բոլոր մեդիառեսուրսները գիշեր-ցերեկ իրականացնում են իր դավաճանության նախապատրաստական քարոզը:
«Երկրում ով իրեն չի հնազանդվում և քննադատում է` կամ դատվում է, կամ տեղեկատվական տեռորի ենթարկվելով պիտակավորվում ու հեղինակազրկվում է: Արցախի իշխանություններին փոխում է` նրանց ամբողջովին ծառայեցնելով իրեն ու իր քողարկված պլանին: Խաբեությամբ ու վտանգավոր պոպուլիզմով ձեռք է բերում հասարակության մեծամասնության հավատն ու վստահությունը»,- նշել է նա:
Զաքարյանի խոսքով՝ այս ամենը լիովին բավարար է, որպեսզի նա պահպանի, ամրապնդի և ուժեղացնի կայացած ու հաղթանակած պետությունը, եթե, իհարկե, նման ցանկություն ունի:
«Իսկ եթե իրեն իշխանության բերելու նպատակներն այլ են, ուրեմն շատ լավ իրավիճակ է, որպեսզի պատերազմ բեմադրի, սպառազինության զգալի մասը տա թշնամուն (գործընկերոջը), ներքին քաոս սերմանի, դաշնակիցներին վանի, պարտություն արձանագրի ու ձախողի պետությունը: Նա գնաց և շարունակում է գնալ երկրորդ ճանապարհով»,- կարծում է Զաքարյանը:
Նա հավելել է, որ գալիս է պատասխանատվությունից խուսափելու և մեղքն ուրիշների վրա բարդելու ժամանակը: Հետևաբար, մեղավոր են բոլորը` իշխանազրկված ու քաղաքական հետապնդման ենթարկվող «նախկինները», շվարած ժողովուրդը, արյան մեջ թաթախված կռվող զորքը ու նրա հրամանատարները, դիրքերը թողած չկռվող «զորքը», առ այսօր անհայտ 5-րդ շարասյունը, պատերազմի ընթացում լուռ մնացած արևմուտքը, մանդատ չունեցող ռուս խաղաղապահները, 10%-ով կրակած իսկանդերը, օտար երկրներում ապրող սփյուռքը, չմոբիլիզացված կամ պատշաճ կերպով չզորակոչված «դասալիքները», «դժգույն» Շուշին, Սև լճի ձյունը, առ այսօր հայտարարված բայց չդատված լրտեսները, նշաձողը իջեցնող միջազգային հանրությունը, մեզ վրա զենք չծախող երկրները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և այլն:
«Եթե բոլորս մեղավոր ենք, այդ դեպքում ո՞ւմ է պետք բացարձակ իշխանություն ունեցող պետության ղեկավարը, եթե, իհարկե, նա դավաճան չէ»,- նշում է նախկին պաշտոնյան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







