Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլ ամսվա աշխատավարձը կփոխանցի կարիքավոր հայրենակիցներին։ Գումարը կփոխանցվի Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հաշվեհամարին, որն այնուհետև կբաշխի արցախցիներին։ Հարությունյանը նշել է, որ հետևել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի օրինակին։
«Շրջափակման հետևանքով հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց եկամտի աղբյուրները։ Թեև պետությունը քայլեր է ձեռնարկում բնակչության սոցիալական սուր կարիքները հոգալու ուղղությամբ, այնուամենայնիվ, լրացուցիչ նյութական և բարոյական աջակցության կարիք կա»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







