Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ հունվարի 11-ից որոշակի փոփոխություններ են մտցվել: Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում Արցախի պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







