Իսպանիայի հայ համայնքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված խնդրագրով դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի անմարդկային գործողությունները, շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս մասին հայտնում է Armenpress-ը։
Նրանք պահանջել են այդպիսով պահանջել Ադրբեջանից անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան բնապահպանական կեղծ պատրվակով Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ մայրուղին, որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ՝ այդպիսով կաթվածահար անելով մարդկանց կյանքը, ինչը կարող է հումանիտար և տնտեսական աղետի պատճառ դառնալը»,- ասված է խնդրագրում։
Նշվում է, որ Լաչինի միջանցքն ապօրինի փակելով՝ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Երեք օր շարունակ Արցախի խաղաղ բնակչությունն ու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները զրկված էին գազամատակարարումից, դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը, քանի որ դասասենյակները ջեռուցվում են գազով, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- ընդգծել են խնդրագրում։
Իսպանիայի հայ համայնքը Պատգամավորների Կոնգրեսին և Իսպանիայի Սենատին կոչ է արել․
Դատապարտել Ադրբեջանի զազրելի և անմարդկային գործողությունները և ձեռնարկել շոշափելի քայլեր՝ ապահովելու համար
Արցախի անվտանգությունը
Պահանջել Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ վերաբացումը
Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Պահանջել Ադրբեջանից կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ երաշխավորելով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







