Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն:
Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»-գրել է նա:
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







